Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և Webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստաընկերության «Web Ծիրան» 3-րդ առցանց կինոփառատոնի հաղթողները: Մրցանակաբաշխությունը կայացավ Սերգեյ Փարաջանովի թանգարանում: Ժյուրիի անդամներն են` կինոքննադատ Արթուր Վարդիկյանը, մշակութային լրագրող Կարինե Ռաֆայելյանը, ռեժիսոր Դիաննա Կարդումյանը: Գլխավոր մրցանակի արժանացավ Նիկոլայ Հովհաննիսյանի «Ստվեր» ֆիլմը: Մրցանակը հանձնեց փառատոնի հովանավոր, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Խրախուսական մրցանակների արժանացան Ալեն Մանուկյանի «Հարությունը» ֆիլմը, Վրույր Սիմոնյանի «Նվիրումը»: Ամենաշատ դիտումներ արձանագրած Նարա Կարապետյանի «Սպասում» ֆիլմին տրվեց «Համակրանք» մրցանակը: Գլխավոր մրցանակակրին շնորհվեց 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, խրախուսական մրցանակակիրներին` ֆիլմ նկարահանելու համար անհրաժեշտ տեխնիկա:
Փառատոնի հաղթողները նշեցին, որ իրենց համար անսպասելի էին այս մրցանակները: Գլխավոր մրցանակակիրն անասելի հուզված էր, ասաց, որ անփորձ է, սովոր չէ նման իրադարձությունների և արտահայտվել չի կարողանում: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը նկատեց, որ բոլոր տարիքներում այդպես է, նման վիճակներում մարդիկ շփոթվում են:
Ռալֆ Յիրիկյանը իր խոսքում ասաց, որ փառատոնը կայացել է այս ձևաչափում, երրորդ տարին գլորեցին արդեն և պատրաստվում են չորրորդ տարվան:
Հարություն Խաչատրյանը Webtv.am ինտերնետ հեռուստաընկերության տնօրեն Արայիկ Մանուկյանին, ով առցանց փառատոնի նախաձեռնողն է, շնորհեց հոբելյանական «Ոսկե ծիրան» մրցանակ: Պարոն Խաչատրյանը նկատեց, որ չնայած երեք տարի է առցանց փառատոնը գործում, բայց այն նոր համ ու հոտ է տվել «Ոսկե ծիրանին»:
Արայիկ Մանուկյանը շնորհավորեց բոլոր մրցանակակիրներին և շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին փառատոնին. «Webtv.am հեռուստաընկերության առաքելություններից մեկը մշակույթի տարածումն է և կարծում եմ, որ այս փառատոնը գոնե կինոյի մասով ստացվեց` պարոն Յիրիկյանի և պարոն Խաչատրյանի շնորհիվ: Մրցանակակիր ֆիլմերը և առաջին հինգ ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմերը կմնան հեռուստակայքում մինչև մյուս փառատոնի սկիզբը, մինչև նոր ֆիլմեր ստանալը: Ինչ վերաբերում է իմ ստացած մրցանակին, այն ինձ համար շատ կարևոր է, որովհետև, ես մի առիթով ասել եմ, որ «Ոսկե ծիրանը» միայն փառատոն չէ, այլ մշակութաբանական երևույթ Հայաստանի համար: ՈՒրախ եմ, որ ես էլ ինչ-որ մասով կամ, այդ երևույթի մեջ»:
Կարինե Ռաֆայելյանն ասաց, որ ժյուրիի անդամներով ունեցել են անհամաձայնություն մրցանակակիր ֆիլմերը որոշելու հարցում, հետևաբար ավելի մեծ անհամաձայնություն կարող են ունենալ հանրության հետ. «Մեր կարծիքը գուցե և չընդունեն մարդիկ, որոնք ունեն ուրիշ նախասիրություններ: Ես խոսքի և գրի մարդ եմ, հետևաբար կարևորում եմ այն ասելիքը, որ դրված է արվեստի, ստեղծագործության հիմքում: Ֆիլմերն ինձ համար կարևորվել են ըստ իրենց ասելիքի: Այդ իմաստով նախընտրելի ֆիլմեր են եղել «Շոպենի լավագույն աշակերտը» «Թորոս Ռաստքելենյանը», «Ստվերը», «Նվիրումը», նաև բնապահպանական թեմաներով արված ֆիլմերը, որոնցից առանձնացնում եմ «Անտեսված գանձերը», որովհետև բացի նրանից, որ կարևոր ասելիք էր պարունակում, նաև գեղեցիկ ձևով էր մատուցվում ասելիքը, օպերատորական աշխատանքն այդ ֆիլմում էապես տարբերվում էր»:
irates.am-ի հետ զրույցում Կարինե Ռաֆայելյանը խոսեց գլխավոր մրցանակի արժանացած «Ստվեր» ֆիլմի մասին: Ասաց, որ այդ ֆիլմը դիտելով ինքը տեսել է Հովհաննես Թեքգոզյանի «Մաշկացավ» վեպը, այն քանդվող տունը, որի մասին Թեքգոզյանը գրել է իր «Մաշկացավում». «Իմ պատկերացմամբ դա լուսավոր Ռեքվիեմ է հին Երևանի մասին: Դատարկ, ավերված տան մեջ այլևս կյանք չկար, բայց կային ստվերներ: Ժամանակն ազդեց նաև ստվերների վրա, եթե դրանք ֆիլմի սկզբում բարեկիրթ էին, արիստոկրատիայի շունչ էին իրենց մեջ կրում, ֆիլմի վերջում գռեհկանում են: Անգամ ստվերներն այդ ամբողջ ավերածությանը չեն դիմանում և փոխվում են: Հերոսը հայտնվում է մի այլ քաղաքում, այլ իրականության մեջ, որին ինքը անհաղորդ էր: Մենք ֆիլմի վերջում տեսնում ենք շենքեր, որոնցում ոչ միայն կյանք, այլ ստվերներ չկան»:
Հիշեցնենք, որ առաջին անգամ «Web Ծիրան» համահայկական օնլայն կինոփառատոնը տեղի ունեցավ 2011 թվականի նոյեմբերին:
Առաջին փառատոնին մասնակցեց ամենատարբեր ժանրերի 49 ֆիլմ:
Այս տարի փառատոնին ներկայացված էր խաղարկային, վավերագրական, անիմացիոն ժանրերի 32 ֆիլմ: Ֆիլմեր են ներկայացրել ոչ միայն անհատ կինոռեժիսորներ, այլև ֆիլմարտադրող ընկերություններ՝ Ռուսաստանից, Գյումրիից, Երևանից:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ